Մեր Մասին

Հայորդիներ Համայն Աշխարհի, Հանդիպե՛ք:

Ըստ Wikipedia-ի տվյալների մոտ 5 միլիոն Հայեր ապրում են ներկա Հայաստանի տարածքից դուրս: Եվ ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Վրաստանի` ուր Հայերի թիվը ենթադրվում է մոտ 200,000-ից մինչև 3,000,000, մյուս երկրներում պատկերն ավելի անմխիթար է և որոշ երկրներում (օրինակ` Եթովպիա, Կուբա, Սինգապուր, Չինաստան, Ճապոնիա, Թայլանդ, Լուքսեմբուրգ) Հայերի թիվը չի գերազանցում 100-ը: Հարց է առաջանում, նրանցից քանի՞սն են երիտասարդներ, որոնք երազում են Հայի հանդիպել, համագործակցել, գործնական կապեր ստեղծել, ինչպես նաև անձնական հարաբերությունների նպատակով, օրինակ՝ հանդիպել, ծանոթանալ, ընտրել, ամուսնանալ և ընտանիք կազմել: Սակայն ցավոք, հանգամանքների բերումով, այդ հայորդիները հնարավորություն չունեն: Իսկ նման երիտասարդների համար հանդիպելու առիթ ստեղծելն արդյո՞ք սուրբ ու նվիրական գործ չէ:

Խոսքը իհարկե զուտ հերթական Հայկական ծանոթության կայքի (Dating site-ի) մասին չէ: Նախագիծը շատ ավելի մեծ է ու ընդարձակ, ու դեռ նախնական փուլում: Մեր նպատակն է նախագծի ստեղծմանը զուգահեռ հավաքագրել նախագծի հիմնական կորիզը` մեր հրաշք երիտասարդությունից էնտուզիազմով լի, դրական էներգիայով, սիրալիր, ստեղծագործ (creative) անձիք ովքեր հաճույքով կմիանան, կստեղծեն ու կառաջնորդեն նախագիծը:

Մեր նպատակն է, օգտագործել մեր բոլոր կապերը` ծանոթներին ու անծանոթներին, ընկերներին, մտերիմներին ու բարեկամներին, հավաքագրելու նվիրյալ մասնագետներ` տարբեր բնագավառներից, և նրանց ուժերը միավորելով ու համախմբելով, իրականացնել այս սուրբ ու նվիրական գործը:
Բնականաբար սա մեկ օրվա գործ չէ, բայց դե ինչպես ասում են` «Մոսկվան էլ մի օրում չի կառուցվել»:

Շատ կարևոր է նշել, որ նախագիծը ոչ շահութաբեր նախաձեռնություն է, թեև այն գործնական բնույթ է կրելու և նախատեսվում է գոյացած գումարներով ստեղծել տարբեր մրցանակային և անակնկալ պարգևատրումներ: Օրինակ Հանդիպօօմի միջոցով ծանոթացած և ամուսնացող զույգի հարսանիքի օրը Հանդիպօօմի ներկայացուցչի այցելություն հարսանյաց սրահ և զույգերին մի համեստ նվերի (օրինակ USD 1,000 կանխիկ գումարի կամ համարժեք մեղրամիսի ճամփորդության տոմսերի) հանդիսավոր հանձնման արարողության կազմակերպում: Ինչպես նաև, օրինակ հետագայում յուրաքանչուր երեխայի ծնվելուց դրամական պարգև կամ մեկ տարվա առաջին անհրաժեշտության առարկաների անվճար հատկացում, և այլն: Բնականաբար այդ բոլոր ծրագրերը իրագործելի կլինեն համապատասխան ֆոնդերի ստեղծման ու պահպանման դեպքում:
Սկզբնական շրջանում նախատեսվում է ընդգրկել տարբեր անձիք` Երևան, Մոսկվա, Լոս Անջելես, Փարիզ և Մելբուրն քաղաքներում, տվյալ երկրում ու տարածաշրջանում աշխատանքներ տանելու և նախագիծը առաջնորդելու համար: Եվ բնականաբար Հայաստանը լինելու է գլխավոր երկրներից մեկը:

Նախագիծը ոչ միայն գործնական է այլ նաև, միգուցե կարելի է համարել առաքելություն` մասնավորապես Հայ երիտասարդության համար: Հայության համար նման հնարավորություն ստեղծելը ենթադրվում է որ մի նոր հնարավորություն կլինի սփյուռքի տարբեր երկրների հայության միջև կապերի, ինչպես նաև սփյուռք-Հայաստան կապերի ընդարձակման ու ամրապնդման համար` «Հայորդիներ Համայն Աշխարհի` Հանդիպենք» նշանաբանով:

Այսօր ԱՄՆ-ում մենք անձամբ ականատես ենք լինում դեպքերի, երբ հայ երիտասարդները (թե տղաներ և թե աղջիկներ) ԱՄՆ-ի լավագույն համալսարաններում լավագույն կրթություն ստանալով, բացառիկ հնարավորություններով աշխատանքի են անցնում ԱՄՆ-ի լավագույն ընկերություններում: Բնականաբար, գործի բերումով տեղափոխվում են տարբեր քաղաքներ, որտեղ հայերի քանակը կարող է չգերազանցել անգամ 1%-ը: Տարիներն անցնելով այս երիտասարդները, իրենց կարիերայով տարված, հնարավորություն չեն ունենում Հայ հասակակիցների հետ հանդիպելու, շփվելու, ծանոթանալու, կապեր ստեղծելու և ընտրելու: Աչքի ընկնող երիտասարդներ, բացառիկ աշխատանք, խոստումնալից ապագա, ֆինանսական անկախություն, սիրո և զույգի բացակայություն և ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ:

Ի տարբերություն 80-ականների և 90-ականների, երբ Հայերը սփյուռքի շատ երկրներում, կամ լավ ճանաչված չէին կամ էլ լավ համբավ չունեին, այսօր պատկերն ամբողջովին փոխվել է և Հայերի հեղինակությունը բավականին բարձր է թե ԱՄՆ-ում և թե մյուս հայաշատ երկրներում: Դժբախտաբար օտարները` հատկապես լատինական ծագում ունեցող աղջիկները, իրենց յուրահտուկ հնարամտություններն ունեն` իրենց բարեմասնություններն օգտագործելով, խոստումնալից ապագա ունեցող, բացառիկ Հայ տղաներին գրավելու և իրենց կողքին պահելու համար: Դե իսկ կարճ ժամանակ անց շատ հեշտությամբ կարողանում են այդ միայնության մեջ հայտնված Հայորդիներին համոզել, որ իրենց մեջ կա «strong bonding» և «chemistry»` ինչպես իրենք են ասում:

Իհարկե Հայ աղջիկներն էլ իրենց հերթին նույն ձևով հայտնվում են նման մեկուսացված իրավիճակում և օտարների մեջ փնտրում իրենց ասպետներին: Եվ իհարկե մեկուսացման ու օտարացման ավելի մեծ վտանգի առաջ կանգնած են փոքր Հայ համայնքներ ունեցող երկրների Հայ երիտասարդները:
Ու այս նույն պատկերը կրկնվում է նաև սփյուռքի մյուս երկրներում ինչպես նաև Ռուսաստանում: Եվ ի՞նչ, մենք պետք է ձեռքներս ծալած նստենք ու նայե՞նք... Դե իհարկե ամենայն հավանականությամբ որոշ հարցերում մենք համամիտ չենք լինի, և դա շատ բնական է, բայց կարևորը ընդհանուր մեծ պատկերը տեսնելն է:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, այսօր Հայաստանում հավանաբար կան բավականին հայ երիտասարդներ ովքեր Հայաստանի նախորդ իշխանությունների «արդարություններից» հոգնած, նոր իշխանությունների հանդեպ դեռ թերահավատ, լիիրավ մարդու նման ապրելու ցանկությամբ երազում են ժամ առաջ Հայաստանից դուրս գալու մասին: Այո, ցավոք անգամ թավշյա հեղափոխությունից հետո: Նրանցից ոմանք դժբախտաբար պատրաստ են անգամ օտարների հետ ամուսնանալ ու հեռանալ Հայաստանից: Բայց եկեք հեռացողներին դատապարտելուց առաջ նախ փորձենք նրանց հասկանալ...

Բնականաբար նախագծի նպատակը երիտասարդությանը, կամ ընդհանրապես Հայերին, Հայաստանից դուրս հանելը չէ, սակայն նախագծի առաջին փուլում, քանի որ «Դհոլի ձենը հեռվից քաղցր է», ոմանց դեպքում դա այդպես էլ կլինի, այսինքը Հայաստանում ապրող երիտասարդները ամուսնանալով սփյուռքահայերի հետ միգուցե հեռանան Հայաստանից, բայց դե նախ և առաջ, դա գոնե մասամբ կկանխի օտարների հետ ամուսնությունները, և հետո էլ նրանցից շատերը կարճ ժամանակ անց նորից ետ կնայեն դեպի Հայաստան: Ինչու՞: Դե ասենք կարոտից` ծնողներ, քույր-եղբայր, ընկերներ, հարազատ փողոց, միգուցե մանկության հուշեր, լավագույն ընկեր և այլն: Մի խոսքով պատճառները տարբեր կարող են լինել: Կամ ասենք անձնական շահերից ելնելով, կամ միգուցե հարազատներին օգնելու նպատակով` բիզնեսներ հիմնելու, անշարժ գույք գնելու, ներդրումներ անելու և այլն: Դե կարծում եմ համոզված` կամ գոնե լավատեսորեն, կարելի է ասել, որ մի օր Հայաստանն էլ կդառնա օրենքներով առաջնորդվող երկիր:

Սփյուռքահայության հետ Հայաստանի կապերի ամրացումը նոր հող կստեղծի Հայաստանում չգործող օրենքների կիրառման, արդարությունների վերականգման, ընդհանուր առմամբ ժողովրդի մեջ նոր հույսի վերածնման և շատ ավելի տարբեր դրական փոփոխությունների համար, որոնց մասին հավանաբար այսօր շատ քչերն են մտածում կամ հավատում, և որոնց մասին այսօր խոսելը միգուցե դեռ շատ վաղ է...

Նախագծի ծրագրերի նախնական ցանկից մի քանի օրինակ`

 

ԲԱՑ ԼՍԱՐԱՆ ֆորումներ` - Ի՞նչ է ուզում Հայ Աղջիկը - Հայ Տղայի երազանքի աղջիկը - Առողջ հարաբերություն և երջանկություն, որն է Ձե՞ր բաղադրատոմսը: - Ժողովրդի Ձայն բաց լսարան ՏԵՂԵԿԱՏՈՒ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ - Աշխարհահռչակ Հայերի կյանքն ու գործունեությունը - Միություններ և Կուսակցություններ, նրանց դերն ու նպատակը - Հայ եկեղեցի` անցյալը, ներկան ու ապագան

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ - Առաջարկեք Ձեր սիրած հավելյալը որ կուզեք տեսնել

 

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ - Հարցրեք Ձեր սեփական հարցը - Դիմեք օգնության առանց Ձեր անձը բացահայտելու, ինչ խորհրդի կարիք, մտահոգություն կամ դժվարություն ունեք

 

ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ԿԱՅՔ Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Իսպաներեն և այլն: Առաջին հայացքից թվում է անիրագործելի՞: Մարդկային պատմությունն ու կյանքը ցույց են տվել որ գրեթե ամեն ինչ իրագործելի է, եթե կան բավարար ռեսուրսներ և այրող ցանկություն:

Հենրի Ֆորդը ժամանակին ասել է՝ Անկախ նրանից ինչ ես մտածում՝ ի վիճակի ես թե ոչ, ճիշտ ես: (Whether you think you can, or think you can’t - you’re right. - Henry Ford)

Դե իսկ հիմա փնտրում ենք այն ամուր կորիզը, որ ունի այդ ռեսուրսները և այրող ցանկությունը: Այն ամուր կորիզը, որ մեծ հաճույքով այս նվիրական աշխատանքի մասնակիցը, հետևորդն ու առաջնորդը կդառնա:

 

Մենք աշխարհում ցրիվ եկած Հայորդիներն ենք` Համախմբված:

Միացեք, Օգնեք, Կառուցեք, Օգտվեք...

 

Ի՞նչ է Ձեր կարծիքը: Մասնակցեք և կիսվեք` այստեղ: